Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ի՞նչ կլինի հետո «Իսլամական պետության» հետ

Ի՞նչ կլինի հետո «Իսլամական պետության» հետ
12.07.2017 | 00:01

Մարտերն Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլի համար, որտեղ ԻՊ-ը հռչակեց խալիֆաթը, ավարտված են՝ Իրաքի իշխանությունները հայտարարեցին, որ քաղաքն ազատագրված է: Գուցե շուտով նույնը կլինի ԻՊ-ի «մայրաքաղաքի»՝ սիրիական Ռաքայի հետ: Բայց այս պարտությունները չեն նշանակում, որ ԻՊ-ը կանհետանա: Մոսուլը մի քանի ամսվա մարտերից հետո գրավվեց, Ռաքայում, ինչպես վկայում է ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող ալյանսը, որ գրոհում է քաղաքը, հաղթանակը մոտ է: Զինյալ իսլամիստները, որ դեռ վերջերս վերահսկում էին Իրաքի ու Սիրիայի մեծ մասը, արագ կորցնում են տարածքները և նոր զինյալներ հավաքագրելու հնարավորությունը:

Նշանակո՞ւմ է դա ԻՊ-ի վախճան: «Ցավոք ոչ,- ասում է Բրեդֆորդի համալսարանի պրոֆեսոր Պոլ Ռոջերսը՝ «Պատերազմ առանց կանոնների՝ ԻՊ-ը և նոր սպառնալիք հեռու սահմաններին» գրքի հեղինակը:- Մենք ավելի ու ավելի շատ նշաններ ենք տեսնում, որ ԻՊ-ը վերակողմնորոշվում է երկար պարտիզանական պատերազմի Իրաքում ու Սիրիայում և միաժամանակ զարգանում է իբրև գլոբալ շարժում»: Պոլ Ռոջերսը, ինչպես մյուս փորձագետները, կոչ է անում չշտապել ջիհադիստական խմբավորման դեմ հաղթանակ հայտարարել: Նախ՝ Մոսուլի մի քանի ամիս տևած կռիվները ցույց տվեցին, որ ԻՊ-ը ի վիճակի է փոխել մարտավարությունը և համառ դիմադրություն ցույց տալ: Երկրորդ՝ ԻՊ-ը ցույց տվեց, որ առաջվա պես կարողանում է կողմնակիցներ հավաքագրել և ահաբեկչություններ կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում: 2014-ի հունիսին ԻՊ-ը գրավեց Մոսուլը և այնտեղ խալիֆաթ հռչակեց: Հետագա մի քանի շաբաթներին խմբավորումը գրավեց Մեծ Բրիտանիայի չափ տարածք (242 հազար քառակուսի կիլոմետր) Իրաքում ու Սիրիայում:

Դրանից հետո ԱՄՆ-ը միջազգային կոալիցիայի հետ սկսեց ռմբակոծել ԻՊ-ի զինյալներին երկու երկրներում, հիմա զինյալների վերահսկած տարածքը կտրուկ կրճատվել է: Խալիֆաթը կործանման եզրին է, բայց նույնիսկ երբ ոչնչացվի իբրև կվազիպետություն իր տարածքով, կմնա հարցը՝ ի՞նչ է լինելու ԻՊ-ի՝ իբրև խմբավորման հետ: Պոլ Ռոջերսը կարծում է, որ իրավիճակը զարգանում է երեք ուղղություններով: «ԻՊ-ը կզբաղվի պարտիզանական պատերազմով Իրաքում ու Սիրիայում՝ չփորձելով ինչ-որ տարածք պահել»՝ ասում է Ռոջերսը: «Բացի այդ՝ ԻՊ-ը կշարունակի քարոզչությունն ամբողջ աշխարհում և ինչպես Ֆիլիպինների օրինակով տեսնում ենք, հաջողություններ ունի հարավ-արևելյան Ասիայում, նաև՝ Աֆրիկայի հյուսիսում»՝ շարունակում է փորձագետը: «Երրորդ՝ ԻՊ-ը կշարունակի փորձերը մարտական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք՝ նախ և առաջ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և մյուս երկրների»՝ կանխատեսում է պրոֆեսոր Ռոջերսը: Հունիսի 28-ին ԻՊ-ը տեսաուղերձ հրապարակեց, որտեղ, մի կողմից, հերքում էր, որ խալիֆաթը չկա, մյուս կողմից` հայտարարում էր, որ «նույնիսկ եթե այդպես լիներ, տարածքների կորուստը պարտություն չի նշանակում»: «ԻՊ-ը վերադարձնելու է ամեն մի թիզ հողը, որ կորցրել է»՝ հայտարարում էին նրանք և կոչ անում իրենց կողմնակիցներին «կատարել իրենց պարտքը՝ ուշադրություն չդարձնելով նոր հակաահաբեկչական նախաձեռնություններին իրենց բնակության երկրներում»:


Վերլուծաբանների գնահատականով՝ ԻՊ-ի գոյության ընթացքում նրա շարքերում անդամագրվել են 40 հազար զինյալներ 100 երկրներից: Ի՞նչ են անելու նրանք, ովքեր կվերապրեն խմբավորման կործանումը: «Միանգամայն ակնհայտ է՝ այդ հազարավոր զինյալները տները չեն վերադառնա: Ավելի շուտ՝ ինչպես ջիհադիստների նախորդ սերունդները՝ նրանք կորոնեն նոր պատերազմներ»՝ The New York Times-ում գրում էր Ալի Սուֆանը՝ ՀԴԲ-ի նախկին աշխատակից և «Ահաբեկչության անատոմիան՝ ՈՒսամա բեն Լադենի մահից մինչև ԻՊ-ի ծնունդը» գրքի հեղինակը: Պոլ Ռոջերսը կարծում է, որ նրանցից շատերը կհամալրեն ջիհադիստական այլ կազմակերպություններ հարավ-արևելյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում ու Կովկասում: Նրա կանխատեսման հետ համաձայն է և Լոնդոնի պաշտպանության ու անվտանգության հարցերի միավորված արքայական ինստիտուտի աշխատակից Կարին ֆոն Հիպերը: «Դա բոլորովին էլ չի նշանակում ԻՊ-ի ու ջիհադիստների վերջ: Ես կարծում եմ՝ ջիհադիստները կանցնեն ընդհատակ և կշարունակեն պրոբլեմներ ստեղծել և Իրաքում, որտեղ չկա կայուն իշխանություն, և Սիրիայում, որտեղ քաղաքացիական պատերազմ է»:


Թեպետ ԻՊ-ի հետ կռիվները Մոսուլի ու Ռաքայի համար ավարտվում են, տարածաշրջանում դեռ երկար ժամանակ հանգստություն չի լինի, որովհետև ԻՊ-ն ունի հնարավոր ժառանգորդներ: Ալի Սուլֆանը կարծում է, որ առավել ակնհայտ իրավահաջորդներից մեկը արևելյան Լիբիայի ջիհադիստական ցանցն է: «Այդ ցանցում մի քանի հազար մարդ կա: Գուցե հենց նրանք են վարժեցրել մահապարտ Սալման Աբեդիին, որ մայիսի 22-ին Մանչեստրում պայթյուններ կազմակերպեց»՝ ասում է Սուլֆանը: Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Իրաքում ու Սիրիայում խալիֆաթի վերացումից հետո ստիպված են լինելու պայքարը շարունակել ջիհադիստական խմբավորումների դեմ Լիբիայում և աշխարհի այլ մասերում: «Կարճաժամկետ հեռանկարում Արևմուտքը շարունակելու է՝ ինչ մինչև հիմա արել է»՝ ասում է Պոլ Ռոջերսը: Պրոֆեսոր Ռոջերսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը մեծացնում է այդ պայքարի ռազմական բաղադրիչը և զինվորականներին տրված է գործողությունների ավելի մեծ ազատություն, քան ունեցել են նախագահ Բարաք Օբամայի օրոք, բայց այդ ռազմավարությունը ցանկալի արդյունքներ չի բերում: «Արդեն համարյա 17 տարի ԱՄՆ-ը կռվում է այդ տարածաշրջանում, իսկ Արևմտյան Եվրոպայում մարդիկ իրենց ավելի անվտանգ չեն զգում: Եթե մենք առաջիկա տարիներին չփոխենք անվտանգության ապահովման մոտեցումը, իրավիճակը միայն կվատանա»՝ կարծում է Պոլ Ռոջերսը:
BBC


Հ.Գ. Իսկ ինչո՞ւ չասել, որ ԻՊ-ը, խալիֆաթը, ջիհադականությունը գաղափարախոսություն են, որ գործնականում հնարավոր չէ վերացնել՝ մեկ, և երկրորդ՝ խալիֆաթի ու ԻՊ-ի գոյությունը շատ ձեռնտու էր տարածաշրջանի որոշ պետությունների, որ նրանց զենք են վաճառում, օգտագործում են մրցակից պետությունների դեմ, ԻՊ-ի միջոցով ապահովում էին նավթի փոխադրման ճանապարհը և այլն, և այլն: Այսինքն՝ զինյալները սպանող ու սպանվող զինվորիկներ են շատ ավելի մեծ խաղի, որի տերերը տարածաշրջանում են, թե չեն՝ նշանակություն չունի: Գաղափարախոսության դեմ պայքարում են գաղափարախոսությամբ, ոչ թե կրակելով, իսկ դա արդեն հոգևորականների ու քաղաքական գործիչների համատեղ խնդիրն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ